Արցախ
04:00 02/03/2020

Կայացել է «Մաքուր Արցախ» չելլենջ-մրցույթի առաջին փուլի ամփոփումը

Մարտի 1-ին, ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Մաքուր Արցախ» չելլենջ-մրցույթի առաջին փուլի ամփոփումն ու թիմերի պարգևատրման արարողությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը։

Նա իր ելույթում նշել է, որ այս ծրագիրը հայրենանպաստ ու դաստիարակչական բնույթ է կրում և լինելու է շարունակական։

«Մեր նպատակն է ունենալ «Մաքուր Արցախ», և այդ մաքրությունը պետք է ապահովվի մեզանից յուրաքանչյուրի ջանքերով: Ուզում եմ լինենք սրտացավ արցախցի, և մեր հայրենիքի զարգացման գործում ունենանք մեր սեփական ներդրումը»,-մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը։

Կազմակերպության համահիմնդիր Սևակ Հակեբյանն էլ իր ելույթում անդրադարձել է ծրագրին՝ ասելով, որ դրա իրականացումն անհրաժեշտություն է ոչ միայն այսօր, այլև՝ ընդմիշտ։

«Գիտակցական վերաբերմունքը ժամանակի պահանջատիրությանը ենթակա չէ, և ուրեմն ավելի քան խոսուն վկայություն է մեր սկսած գործը, որը հուսով եմ կունենա երկարամյա կյանք՝ հանուն հայրենի հողի մաքրության և այն միջավայրի, որի ժառանգները հենց մենք ենք,- ավելացրել է նա։

Մրցույթին մասնակցել են 23 թիմ, ինչպես Ստեփանակերտից՝ այնպես էլ Արցախի տարբեր բնակավայրերից։

Ըստ նախապես ներկայացված կանոնների, առաջին տեղում հաղթող է ճանաչվել Նորշենի թիմը՝ ֆեյսբուքյան հավանումների քանակով (3225), երկրորդ տեղը որոշվել է վիճակահանության սկզբունքով և հաղթող է ճանաչվել Մարտակերտի շրջանի Շահմասուրի դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Կիչանի դպրոցի թիմը՝ կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ։

Մյուս մասնակից թիմերը ևս արժանացել են հավաստագրերի և հովանավորների կողմից խրախուսական նվերների (50 հազարական դրամ)։

Մրցույթին՝ որպես հովանավորներ իրենց աջակցությունն են ցուցաբերել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջութան նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ինչպես նաև ՌԴ-ում և ԱՄՆ-ում ապրող արցախցիներ։

Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով։

Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր 2019թ-ի հոկտեմբերին, իսկ երկրորդ փուլը սկսվում է այսօրվանից, որի մանրամասներին առաջիկայում կարող եք ծանոթանալ ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Գրում է ArtsakhPress-ը։

Վերեվ