fbpx
Հասարակություն

Կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը:

Ծովակալ Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան, 1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

1913 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917-ին՝ Պետրոգրադի գարդեմարինյան, 1928-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները: Կյանքի մեծ մասը Իսակովը նվիրել է ծառայությանը նավատորմում, ուր զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 1932 թ-ից դասավանդել է Ռազմածովային ակադեմիայում, իսկ 1938-1939 թթ․ զբաղեցրել է պետի պաշտոնը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծագույն ներդրում է ունեցել Սևծովյան և Բալթիական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակման գործում:

Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական և ռազմատեսական հարցերով, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ. նշանակվել է եռահատոր «Ծովային ատլասի» խմբագրական կոլեգիայի նախագահ:

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերում ծովակալ Իսակովի անունով կա հածանավ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքներում` փողոցներ:

Դիմերես` Ծովակալ Իսակովի անվան հածանավի, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերներ:

Դարձերես` Ծովակալ Իսակովի դիմապատկերը և նավագնացի դաշույնի ու գրքերի պատկերներ:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը – 1000

Մետաղը/հարգը արծաթ – 9250

Տրամագիծը – 40,0

Քաշը – 33,6

Որակը – պրուֆ

Դրամաշուրթը – ատամնավոր

Քանակը – 500

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ