Կրթություն

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են հայ-թուրքմենական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը հատուկ տեղ է գրավում: Նրա խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

«Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել նաև մեր երկրում Թուրքմենստանի դեսպանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել մեր համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- շեշտել է նախարարի պաշտոնակատարը:

Միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանը կարևորել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Թուրքմենստանի 30 քաղաքացիներ: Նախարարի պաշտոնակատարը նաև գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով: Այդպիսի համագործակցությունը, ըստ Վահրամ Դումանյանի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Վահրամ Դումանյանն առաջարկել է քննարկել Հայաստանում և Թուրքմենստանում արհեստների և կերպարվեստի ցուցահանդեսներ կազմակերպելու, ինչպես նաև 2020 թվականին համատեղ մշակված մշակույթի և արվեստի բնագավառում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ծրագիրը ստորագրելու հնարավորությունը:

Նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել է դիտարկել այդ ժառանգության պահպանության նպատակով մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ մոնիթորինգային խմբի գործառույթներից կլինեն նաև զինված հակամարտության ընթացքում թույլ տրված խախտումների արձանագրումը և հումանիտար ճգնաժամի ծավալների գնահատումը՝ հույս հայտնելով, որ խմբի ստեղծման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ կարևորելով երիտասարդ սերունդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծումը: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև զարգացնել համագործակցությունը սպորտի ոլորտում՝ համատեղ հավաքների և փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով: Նախարարի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանում մեր հայրենակիցների հանդեպ դրսևորված ջերմ վերաբերմունքի համար:

ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին նշել է, որ կարևորում և մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը և շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին արագ արձագանքելու և աջակցելու համար: Նա անդրադարձել է երկու երկրների համատեղ միջոցառումներին, մասնավորապես նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնովիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում այն կյանքի կկոչվի:

Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների մայր բուհերի միջև համագործակցության ընդլայնման հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ