fbpx
Կառավարություն

ԿԳՆ մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին:

«Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը:

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության, փոխադարձ ըմբռնման համար: Անկախ աշխատանքային և մասնագիտական դժվարություններից՝ մեզ հաջողվել է պահպանել մարդկային ջերմ հարաբերություններ:

Շնորհակալություն ՀՀ կրթության և գիտության նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք պատվով են տանում պետական ծառայողի բարձր կոչումը և, լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, երբեմն օրվա ընթացիկ աշխատանքների բեռի տակ չեն հասցնում իրենց ստեղծարար միտքը գործնականի վերածել:

Իմ խոնարհումը ուսուցիչներին, կրթօջախների տնօրեններին, դասախոսներին, կրթության ոլորտի նվիրյալներին, որոնք, անկախ բարեփոխումների վեկտորից, մշտապես ծառայում են երիտասարդ սերնդի դաստիարակության պատասխանատու ու պատվավոր գործին»,- գրել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Լուսինե Մարգարյանը ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում նշանակվել է 2016թ. մարտի 1-ին:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ