fbpx
Իրավական

Խաչատուրյան քույրերի գործով նախաքննությունն ավարտվել է

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին անցյալ տարի սպանած Խաչատուրյան երեք քույրերի գործով նախնական քննությունը։ Այսօր սպանության մեջ մեղադրվող աղջիկները, որոնցից մեկն անչափահաս է, կանչվել են ՌԴ Քննչական կոմիտե՝ քննիչի մոտ, հայտնում է Коммерсантъ-ը։

ՔԿ ներկայացուցչի հետ առաջինը զրուցել են ավագ քույրը՝ 20-ամյա Քրիստինա Խաչատուրյանը, և նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

«Ամեն ինչ անցավ շատ առօրեական և հանգիստ, մենք պարզապես ստորագրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը»,- հայտնել է Լիպցերը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն էլ էր «հանգիստ, ինչպես միշտ»։

Բացի դրանից՝ պաշտպանն ընդգծել է, որ իրենք երեք միջնորդություն են ներկայացրել քրեական գործի դադարեցման մասին այն հիմնավորմամբ, որ Մ․ Խաչատուրյանի մահը, իր կարծիքով, տեղի է ունեցել անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում և տղամարդու կողմից բազմամյա խոշտանգումների, ծեծի ու նույնիսկ սեռական բռնության հետևանքով։ Փաստաբանի խոսքով՝ ինքը նաև խնդրել է այդ միջնորդությունը մերժելու դեպքում գործընթացը անցկացնել ատենակալների մասնակցությամբ։ Երրորդ միջնորդությունն զուտ տեխնիկական բնույթ է կրել՝ քրեական գործի, ըստ էության, դատավարությունից առաջ նախնական դատական լսումների պարտադիր անցկացման մասին։

ՔԿ քննիչները պետք է այսօր նույն գործընթացն անցկացնեն մյուս երկու քույրերի՝ Անգելինայի և Մարիայի, ինչպես նաև նրանց փաստաբանների հետ։ Վերջինս փորձագետների կողմից անմեղսունակ է ճանաչվել հորը սպանելու պահին։

Հարկ է նշել, որ ՌՔԿ քննիչներն ընդամենը երեք օր ունեն՝ ներկայացված միջնորդություններին պատասխանելու համար։

«Մենք կտրականապես համաձայն չենք ներկայացված մեղադրանքների հետ»,-հայտարարել է Լիպցերը՝ ընդգծելով, որ հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը, որտեղ պետք է հետագայում ուղարկվեն նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, դրանց հետ չի համաձայնի։

«Իսկ եթե գործը փոխանցեն դատարան, ապա մենք դեռևս նախնական լսումների ժամանակ կհայտարարենք միջնորդություն՝ դրա դադարեցման կամ խախտումները վերացնելու համար դատախազին և, համապատասխանաբար, ՔԿ-ին վերադարձնելու մասին»,-նշել է պաշտպանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ