Քաղաքականություն
13:00 16/01/2021

Խաղաղություն չի լինելու, քանի դեռ միակարծիք չենք Արցախի հարցում․ Նարեկ Այվազյան

Ինչքան տհաճ ու տարօրինակ զգացողություններ, զայրույթ ու հուզմունք առաջանան հիբրիդային բռնապետի Շուշի այցից, միևնույնն է՝ պետք է հավաքական գիտակցության գանք, որ խաղաղություն չի լինելու թե հոգու խորքում, թե տարածաշրջանում, քանի դեռ չենք ժողովվել ու միակարծիք դառել Արցախի հարցում, քանի դեռ չենք մոբիլիզացվել որպես ազգային ժողովուրդ և գեներացրել մեր ներուժն ու կենտրոնացրել ռեսուրսները վարժարանների զարգացման և զինված ուժերի համալրման ու հզորացման համար:

Քանի դեռ ամեն օր նոր կուսակցություններ են հիմնվելու սողացող երրորդ պատերազմի ֆոնին, քանի դեռ հրապարակներն ու լրատվամիջոցները լցված են լինելու ներքին բռնությունների ու ատելության կոչերով, քանի դեռ մեր կառավարչական, հանրային, ֆինանսատնտեսական լծակներ ունեցող գործիչներն ու խմբերը մեծացնելու են կախվածութունները օտար երկրներից, մեր ժողովրդի ազգային դառնալը ձգձգվելու է:

Միայն մոտալուտ երրորդ ու անողոք պատերազմը կարագացնի իրականության ընկալումը, երբ չլինի այլևս ոչ մի ելք, քան պետականամետ ժողովուրդ լինելու գիտակցման հասունանալը և ոչ միայն ուժեղներին, գիտակիցներին, ազատներին, ինքնիշխաններին դուրս բերի կռվի, այլ բոլոր բոլորին, նաև նրանց, ովքեր չեն կարողանալու փախչել փակ սահմանների պատճառով և նրանց, որոնք իրենց ունեցվածքի համար դավաճանել են ժողովրդին: Եթե չլինի այդ պատերազմն, ապա կեղծ ապաշրջափակումը կհանգեցնի կախվածության հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, նաև Վրաստանից ու Իրանից, ու Ռուսաստանն այլևս մենակ չի լինի:

Այդ սցենարներից խուսափելու միակ ճամփան, ըստ իս, դա Արցախի՝ Հայաստանի լինելիության ու հզորացման հարցում հավաքական գիտակցություն ունենալն է: Որից հետո կլինի խաղաղություն, թե կլինի պատերազմ, կլինի ջրհեղեղ, թե աշխարհի վերջ կամ երկնային մանանաներ կթափվեն վար, դրանք կդառնան երկրորդական՝ գործընթացներ որոնցից կամ նվազագույն կորուստներով կվնասվենք, կամ առավելագույնս կօգտվենք:

Եկեք հասկանանք՝ մեզ բաժանել, բաժանում և բաժանելու են, որ տիրեն: Մեր ներքին խնդիրները, չհասկացվածությունները և բազմաթիվ համամարդկային արատներ, որոնցից մի մասը տիպիկ է դարձել մեր նկարագրության մեջ, ինչի հակառակը մեր իդեալներն են եղել, օգտագործվել է մեր մտածողությունը բանտարկելու համար: Զուգահեռաբար երկու հակադիր մտքերի գոյությունը ընկալման մեջ առաջացնում է մտածողության խափանում, հոգեբանական ինքնաճնշում՝ վնասելով նյարդերը և առողջությունը: Այնպես որ պետք է իրերի ընկալումը պետությունների մակարդակում և առհասարակ՝ սկսենք ընկալել ազգային շահերից ելնելով և որպես զրոյական կետ դիտարկելով դա՝ կեղծիքի ու դավադրությունների ճահճից դուրս գանք ու վեր բարձրանանք:

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ