Զինված Ուժեր

Խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ․ Հարությունյանի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք:

Գլուխ եմ խոնարհում Պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, ովքեր օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:

Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան:

Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում, և բոլորիս ջանքերը ծառայեն մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործի շարունակմանը, հայ ժողովրդի վերքերի բուժմանը, հայրենիքի շենացմանն ու զորացմանը:

Հ.Գ. Երեկ Վեդի քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Արցախի հերոսներ Դավիթ Ղազարյանի ընտանիքին ու Էդգար Մարկոսյանին փոխանցեցի հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրերով տրված «Ոսկե արծիվ» շքանշանները»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ