ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել երրորդ գագաթնաժողովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ չնայած Հանոյում կայացած անհաջող հանդիպմանը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Եթե ԱՄՆ-ն խնդրի այնպիսի լուծում գտնի, որի հետ մենք համաձայն կլինենք, և եթե երրորդ գագաթնաժողովի անցկացման ու ԱՄՆ-ի և Կորեայի ղեկավարների բանակցությունների ճիշտ դիրքորոշում առաջարկվի, ուրեմն մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ համաձայնել», – Կիմ Չեն Ընի խոսքերն է փոխանցել գործակալությունը: Ինչպես նշում է աղբյուրը՝ ԿԺԴՀ առաջնորդը կոչ է արել ԱՄՆ նախագահին վերանայել իր որոշումը՝ կապված Կորեական թերակղզու դենուկլեարիզացման բանակցությունների հետ:
«Ես առանց երկմտանքի կստորագրեմ համաձայնությունը, եթե միայն այն գրված լինի այնպես, որ բավարարի ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի շահերը, եթե այն լինի արդար և փոխադարձ ընդունելի», – ընդգծել է Կիմ Չեն Ընը: «Եվ դա ամբողջովին կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա ԱՄՆ-ը»: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը: