Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ Արցախի ղեկավարը նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով ամեն տարի պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է իրականացնել մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ:
«Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ: Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք», – ընդգծել է նախագահը:
