ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից հրապարակված տարեկան զեկույցին.
«Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018 թվականին 2017 թ-ի համեմատ երկու անգամ և 2016 թվականի համեմատ 3 անգամ ավելի շատ պետական մարմինները չեն պատասխանում լրագրողների և քաղաքացիների դիմումներին և հարցումներին:
Պետք է նշեմ, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել ոչ միայն քաղաքացիների և լրագրողների, այլև պատգամավորների նամակներին չպատասխանելու պրակտիկա: Եվ ցանկացած արդարացում ռեսուրսների և ժամանակի սակավության վերաբերյալ ընդունելի չեն, որովհետև դա խոսում է համակարգի անկազմակերպ և փնթի աշխատանքի մասին:
Այս պահին ունեմ նամակներ, որոնք անպատասխան են մնացել կառավարության, մի շարք գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և եթե նրանք ինձ սեղմ ժամկետում՝ օրինակ, 1 շաբաթում չպատասխանեն, ես կկազմեմ սև ցուցակ և կհրապարակեմ բոլոր գերատեսչություններին:
ՀԳ Կառավարության 2018 թվականի տարեկան զեկուցման ժամանակ ես հարց ուղղեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարծում էի, որ հարցը զգոնության ազդակ կլինի, բայց սխալվեցի:
Ինչևէ, սիրով դեռ կսպասեմ իմ ժամկետանց նամակների պատասխաններին»:
https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2206067116150799
