Առողջապահություն

Կխստացվեն միջոցները․ Արայիկ Հարությունյանը նոր հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը: Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ, կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան որոշումներն ու ցուցումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ