fbpx
Խորհրդարան

Կլոր սեղան ԱԺ-ում՝ «Ընտրական ավանդույթների ձևավորումը Հայաստանում» թեմայով

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 2-ին խորհրդարանում կազմակերպվել է կլոր սեղան՝ «ՀՀ խորհրդարանական առաջին ընտրությունների 100-ամյակը և ընտրական ավանդույթների ձևավորումը Հայաստանում» թեմայով:

Նշվել է, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը կազմավորվել է 1990 թվականին: Գերագույն խորհրդի առաջին կարևորագույն փաստաթղթերից է օգոստոսի 23-ին ընդունած «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որին համապատասխան ՀԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն: Գումարած 10 նստաշրջանների ընթացքում ԳԽ ընդունել է 188 օրինագիծ, 1211 որոշում, վավերացրել 151 միջազգային պայմանագիր ու համաձայնագիր:

«Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հկ նախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանը գործընկերներին է ներկայացրել խորհրդարանի երկրորդ պալատ ստեղծելու մասին առաջարկություն, ըստ որի, ՀՀ քաղաքացիները քվեարկությամբ Սփյուռքի ներկայացուցիչներին կընտրեն պալատի անդամներ: Պալատը չի ունենա վճռական ձայնի իրավունք, կլինի խորհրդակցական մարմին: «Հիմնական նպատակը սփյուռքահայերին մեր երկրի կառավարման համակարգին մասնակից դարձնելն է»,-նշել է բանախոսը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հավաստմամբ՝ ողջ հայության ֆինանսատնտեսական կարողությունները պետք է ներդրվեն մեր երկրի զարգացման գործում: Պատգամավորը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համահայկական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն սփյուռքահայության հետ կապված խնդիրներն ու վերոնշյալ առաջարկությունը:

Կլոր սեղանի մասնակիցները հիմնականում կողմ են արտահայտվել երկրորդ պալատ ունենալու գաղափարին, միաժամանակ ներկայացրել տարբեր տեսակետներ, կիսվել մտահոգություններով: Կարևորվել է սփյուռքահայերի միասնականությունը:

Առաջարկ է եղել քարտեզագրել բոլոր խնդիրները, ապա մշակել հայեցակարգ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ