«Իմ քայլը» հիմնադրամն այս տարի կսկսի նոր՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս նպատակով Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հրավերով այս օրերին Երևանում է «UCLA Health»-ի «Sound Body Sound Mind» ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը։ Միացյալ Նահանգներում գործող այս ծրագիրն արդեն բավական ժամանակ է նպաստում է՝ դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը՝ աշակերտներին և ուսուցիչներին տրամադրելով ժամանակակից մեթոդաբանությամբ ֆիթնես-դասընթացներ, ինչպես նաև աջակցում է դպրոցներին համապատասխան սարքավորումներով։
Մեթյու Ֆլիսոքը Երևանում է՝ որպես Ծրագրի խորհրդատու իր փորձը և գիտելիքները մեզ հետ կիսելու, ինչպես նաև հայաստանյան դպրոցների վիճակին և կրթական չափորոշիչներին ծանոթանալու համար։ Մեթյու Ֆլիսոքի խոսքերով՝ «Այցելությունները հայաստանյան դպրոցներ չափազանց կարևոր են ինձ համար՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և համատեքստին։ Ես համոզված եմ, որ Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ ներուժ ունեն այս Ծրագրով բարելավելու երեխաների առողջ ապրելակերպի պայմանները»։
Համարձակ գաղափարներով և առաջարկներով հագեցած մեր հանդիպումներին ու քննարկումներին կանդրադառնանք առաջիկայում՝ առավել մանրամասն ներկայացնելով «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
https://www.facebook.com/MyStep.Foundation.Armenia/photos/a.291302681607139/640310423373028/?type=3&theater