Երևան

Երևանյան երեք հուշարձանները. Կոմիտաս, Սայաթ-Նովա և Թամանյան

Երևանի կենտրոնով զբոսնելիս հեշտությամբ կարելի է ընկնել հուշերի գիրկը։ Ամեն մի անկյուն կարող է տարբեր հիշողություններ և էմոցիաներ առաջ բերել։

Կյանքի բոլոր իրադարձություններին ոչ միայն մենք ինքներս ենք ներկա եղել, այլև քաղաքի հուշարձանները։ Հուշարձաններ, որոնք լուռ են, իմաստուն, հարազատ։ Այս հուշարձանները ինչ-որ տեղ կարելի է ասել մեզ ավելի լավ են ճանաչում և տեսնում, քան ինքներս, քանզի գրեթե ամեն օր տեսնում են մեզ լրիվ ուրիշ կողմից։ Փորձելով առանձնացնել երեք հուշարձան, ընտրեցի երեք հանճարների՝ նկարչի, երաժիշտի և ճարտարապետի։

Նկարիչ Մարտիրոս Սարյանի հուշարձանը գտնվում է գտնվում է Մաշտոցի, Մարշալ Բաղրամյանի և Զորյան փողոցի միջև գտնվող պուրակի տարածքում։ Այն մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու է և տեղադրվել է 1986 թվականին։ Քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը։ Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք, ինչը կատարյալ ձևով համապատասխանում է ամբողջ մթնոլորտին։

Կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը գտնվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում։  Այն տեղադրվել է 1988 թ.-ին և քանդակվել է Արա Հարությունյանի կողմից։ Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Տարիների ընթացքում Նա շատ է անդրադարձել Կոմիտասին իր տարբեր գործերում: Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Կասկադ համալիրի առջևում։ Քանդակագոծն է՝ Արտաշես Հովսեփյանը։ Այն տեղադրվել է 1974 թ.-ին։ Ճարտարապետը հենված է երեք քարերի վրա, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշական է։ Դրանք խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»:

Երևանյան շունչը կարելի է զգալ շատ տարբեր միջոցներով. բակեր, օրվա ժամեր, ծառեր, սրճարաններ, թատրոններ, մարդիկ և այլն։ Միջոցներից մեկն էլ փողոցներն են և մասնավորապես մեր անխոս, բայց շատ բան ասող ընկերները՝ հուշարձանները։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ