fbpx
Խորհրդարան
16:30 26/11/2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ավելի մեծ են․ Մարուքյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրված նախագահ Հայկուհի Հարությունյանը շատ արժանի թեկնածու է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը հանձնաժողովում առաջադրվել էր հենց «Լուսավոր Հայաստան»-ի կողմից:

«Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում և մեր առաջադրման հիմքում հենց այն է եղել, որ ամբողջությամբ վստահում ենք նրան թե՛ բարեվարքության, թե մասնագիտական կարողությունների բարձր մակարդակի առումով: Հանձնաժողովի առաջին կազմից շատ բան է կախված, որովհետև այս կազմն է, որ իր ներդրումն է ունենալու Հանձնաժողովի հիմքը դնելու առումով: Ինչպես հիմքը դնեն, այդպես էլ գնալու է, իսկ ապագայում եկող անդամները ավելի քիչ ազդեցություն կարող են ունենալ դրված հիմքը փոխելու համար: Շատ կարևոր է, որ հիմա լավ հիմքեր դրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության համար»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման ձևավորված հանձնաժողովը բավականին տարբերվում է նախկին Էթիկայի հանձնաժողովից, և լիազորություններն ավելի մեծ են։

«Դրա մեջ մտնում է թե՛ ամբողջապես հայտարարագրերի ներկայացման և ուսումնասիրման, դրանց հետ կապված մոնիտորինգի աշխատանքները, թե՛ նաև կրթության հետ կապված, որովհետև հանձնաժողովը բազմաթիվ գործառույթներ ունի նաև հակակոռուպցիոն կրթություն իրականացնելու, իրազեկելու: Այսինքն ոչ թե սպասենք՝ մեկը կոռուպցիայի մեջ թաթախվի, մենք էլ գանք բռնենք, այլ այնպես անենք, որ ուղղակի բոլորը կոռուպցիայից զերծ լինեն»,-նշեց նա։

Հարցին, թե ինչ էական տարբերություն կլիներ, եթե ընտրվեր իշխանության ներկայացրած թեկնածուն, Մարուքյանը պատասխանեց, որ Հայկուհի Հարությունյանն ամեն դեպքում իր դերը կունենար, սակայն ավելի լավ է, որ նման փորձառու մարդ ընտրվեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ