«Բազմապատիկներով են կոռուպցիոն դեպքերով հայտարարված նախաքննությունների համադրությունը, շուրջ 12 անգամ ավելի կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել՝ 17-ի համեմատ, որն էլ իր հերթին տարբերվում է 2016-ի ցուցանիշներից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա ընդգծեց, որ ոչ միայն հայտնաբերման դեպքերն են ավելացել, այլև դրանով պայմանավորված պետությանը պատճառված վնասների վերականգնման ծավալները:
«Այսօր քննվող և քննված քրեական գործերով շուրջ 84 մլրդ դրամի պետությանը պատճառված վնաս է, որից 27 մլրդ դրամ վերականգնում ունենք, 7 մլրդ դրամ արգելադրված գույքով երաշխավորված է, այս 84 մլրդ դրամը քննության այս փուլում հրապարակվող թիվ է, որովհետև գործերի նախաքննության ընթացքում ի սկզբանե հայտնաբերված թիվը բազմապատկվել է ընթացքում»:
Նա խոսել է նաև նոր օրենքի նախագծի մասին, որը հնարավորություն կտա պետությանը վերադարձնել ապօրինի ձեռք բերված գույքը:
«Թեև տարբեր մեկնաբանությունների արժանացավ օրենքը, առանձին սուբյեկտներ ներկայացրեցին որպես մարդու իրավունքների խախտում և այլն, բայց առաջիկայում օրենքը կհասնի ձեր դատին և կտեսնեք, որ աշխատանքային խումբը տառը տառին համադրումներ է իրականացնում եվրոպական իրավունքի մոտեցումների հետ»,- ասել է գլխավոր դատախազը:
