fbpx
Մարզեր
17:30 27/09/2019

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը շուտով խմելու ջուր կունենա

Սեպտեմբերի 26-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում էր:

Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ:

Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի:

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորատանցքի հորատում ռոտորային եղանակով` 70-200 գծ.մ խորությամբ, հորատանցքի ամրակայում պոլիէթիլենային ճնշման խողովակներով, խորքային պոմպի տեղադրում, 12 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և 4 մետր խորությամբ ջրավազանի ներսի պատերի ամրացում, սվաղում՝ 5սմ հաստությամբ, մետաղական ցանկապատի կառուցում:

Բացի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներից համայնքն իր խնայողությունների և գործընկերների աջակցությամբ իրականացնում է այլ բարեկարգումներ ևս. օրինակ՝ համայնք տանող գլխավոր ճանապարհի երկայնքով տնկվելու են ծառեր, իսկ ներկայումս անցկացվում է արտաքին լուսավորության ցանց:
Նույն ճանապարհով (2կմ) ստեղծվելու է հեծանվաուղի, որը կնպաստի համայնքում արշավային տուրիզմի զարգացմանը

Այցի շրջանակում Ռոմանոս Պետրոսյանը եղել է նաև համայնքի Սպարտակ Նազարյանի անվան միջն. դպրոցում, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ, զրույցի ընթացքում ներկայացրել դպրոցի խնայողությունների միջոցով կյանքի կոչվող մի նախագիծ, որի շրջանակում դպրոցի հարակից ծառապատ տարածքը բարեկարգվելու է ու ցանկապատվելու՝ դառնալով համայնքային զբոսայգի, որն ունենալու է արտաքին լուսավորության ցանց, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր:

Մարզպետն այցելել է նաև համայնքի մանկապարտեզ, որտեղ գործում է 4 խումբ, և առկա են բոլոր պայմանները, ըստ հավուր պատշաճի, փոքրիկների առօրյան կազմակերպելու համար:

Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նաև համայնքի մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին, ապա՝ ուսանողներին, զրույցի ընթացքում նշելով, որ Լեռնանիստը, ինչպես և Կոտայքի մարզի մյուս բարձրլեռնային համայնքներն ու բնակավայրերը, ունեն հրաշալի ներուժ՝ դառնալու էկո և գաստրո բաղադրիչներով համայնքային տուրիզմի կենտրոններ:

Մարզպետը երիտասարդներին հորդորել է ամուր կառչել սեփական համայնքից ու աջակցել դրա զարգացմանը:

Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ