Իրավական

Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. կա ձերբակալված

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։

«Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ դեպքից ժամեր անց՝ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, մահացավ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին տարբեր հրազենների և տրամաչափի 25 պարկուճ և այլն:

Իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային վեճ էր տեղի ունեցել 10-ից ավելի անձանց մասնակցությամբ, որոնց թվում կային նաև երիտասարդներ։ Միջադեպը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Գործադրվել էին տարբեր հրազեններ։

Իրավապահները պարզել են, որ Արթուր Թաթոսյանն ու Մանվել Հովհաննիսյանը սպանվել են Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդի կողմից՝ դեռևս չպարզված հրազենով արձակած կրակոցների հետևանքով։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության և օպերատիվ գործողությունների շնորհիվ 27-ամյա երիտասարդը չհասցրեց լքել երկիրը։ Նա Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հրազենները հայտնաբերելու, ինչպես և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ