Ինչպե՞ս է լինում, որ Մոսկվայում Եզրասին հանձնված շքանշանը, հասնելով Երևան, դառնում է Փաշինյանի դափնին։
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, РИА Новости-ին լուր տարածեց, որ Ազգային միասնության օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին հանձնել է Ալեքսանդր Նևսկու շքանշանը։
Հայաստանում այս լուրը միանգամից քաղաքական քննարկումների տեղիք տվեց։ Հատկապես իշխող վարչախմբի ներկայացուցիչների ու համակիրների համար այն դիտարկվեց որպես Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապված լինելու թեզի հերթական ապացույց։ Սակայն, ստվերում մնաց այն փաստը, որ ՌԴ ղեկավարությունը շատ լավ պատկերացնելով Հայաստանում քաղաքական գործընթացների ներկա վիճակը, ուղղակիորեն կարող էր «կրակի վրա յուղ լցնել» եւ այդ քայլով առավել բորբոքել Հայաստանի քաղաքական դաշտի վերջին տարիներիների դրվածքը՝ բաժանված «սևի ու սպիտակի»։ Սա քաղաքական լավագույն հնարքներից է, որը շահավետ է քաղաքական դաշտի հիմնական շահառուների համար։ Հատկապես գործող վարչախմբի համար դա սեփական կշիռը բարձրացնելու, Հայաստանը Ռուսաստանից պաշտպանելու և դեպի Արևմուտք տանելու կեղծ թեզերի շրջանառության համար լավագույն նպաստն էր, որը նրան մատուցեց Կրեմլը։
Ապաքաղաքական շատ շրջանակներ բնական է, որ կարող են կարծել, թե Ռուսաստանը հետևանքների մասին չգիտակցելով է նման վարք դրսևորում։ Սակայն, պետք է նայել արդյունքներին։ Փաստ է, որ պաշտոնական Մոսկվան նման գործելաոճով ամրացնում է Նիկոլ Փաշինյանի հենարանը և հակառուսական տրամադրությունների խորապատկերի վրա նրան տալիս է Հայաստանի ինքնիշխանության համար մարտիկի հերթական դափնիները։ Կաթողիկոս Գարեգին II-ի եւ Եկեղեցու ողջ ղեկավարության հետ պայքարի դուրս ելած Նիկոլ Փաշինյանի համար սա լավագույն նվերն էր, որը նրան փոխանցվեց Կրեմլից։ Ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի դիրքերի հերթական ամրացումն էր՝ արված Կրեմլի ձեռքով։
Երբ ետ ենք նայում վերջին տարիների Հայաստանի քաղաքական անցյալին, ապա կարող ենք նկատել, որ Կրեմլի կողմից նման «ինտերվենցիաների» միջոցով մեր երկրում մշտապես ակտուալ է պահվում «նախկիններ-ներկաներ» հակադրությունը։ Ի՞նչ արժեցավ, օրինակ, Մոսկվայից եկած Սամվել Կարապետյանի «մեր ձևով»-ը։ Արդյունքը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ իրավիճակում իր ուսերին կրկին գցեց Կրեմլից իրեն «ուղարկված» դափնին։ Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում չի կարող ինքնիշխանության համար մարտիկի իր փուչ կերպարը ստեղծել, եթե իր ուսերին չգցի Կրեմլից պարբերաբար իրեն փոխանցվող «դափնիները»։
Սարո Սարոյան

