Մայիսի 23-ին Կառավարության նիստում քննարկման ներկայացվեց պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը:
Նախագծի համաձայն՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմաններին սահմանված հավելումների չափերը։ Նախագիծը ներկայացնելիս ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասաց, որ նախատեսվում է միջինը 10 տոկոսով ավելացնել զինծառայողների աշխատավարձերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ խոսքն աշխատավարձերի բարձրացման հայտարարված ծրագրի մասին է, որի համաձայն՝ բոլոր զինծառայողների աշխատավարձերը հունիս-հուլիսից բարձրանալու են 10 տոկոսով։ Բայց այս կարգավորումներով, ըստ Փաշինյանի, կրտսեր կազմի, ինչպես նաև բարդ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան ավելի շատ։
«Այսինքն` մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմինը և հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։
Տոնոյանը մանրամասնեց, որ կրտսեր կազմի զինծառայողների աշխատավարձերը բարձրանալու են միջինը 18 տոկոսով, բայց դրանից բացի՝ հատուկ պայմաններում ծառայողները կստանան հավելավճարներ, որոնք փաստացի ավելի կմեծացնեն աշխատավարձերը։