Աշխարհ

Կվերսկսվեն առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

Չինաստանը և ԱՄՆ-ն բարձր մակարդակի բանակցությունների վերսկսման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում առևտրային խնդիրների վերաբերյալ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առևտրի նախարարությանը:

«Երկրները համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում առևտրատնտեսական հարցերի շուրջ բարձր մակարդակով անցկացնել չին-ամերիկյան բանակցությունների 13-րդ փուլը»,-նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխատանքային մակարդակով հանդիպումները կսկսվեն սեպտեմբերի կեսերին։

«Ո՛չ Չինաստանը, ո՛չ Միացյալ նահանգները չեն ցանկանում, որ աշխարհն իրենց մեղադրի առևտրային պատերազմների սրման և համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու մեջ»,-հայտնել է Չինաստանի առևտրի նախարարության նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ բանակցությունների վերսկսումը դեռևս չի նշանակում, որ կողմերը կարող են մեղմել երկկողմանի պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ առևտրային տարաձայնությունների շուրջ բանակցությունները դադարեցվել էին երկու երկրների միջև մաքսատուրքային պատերազմի սրման ֆոնին:

Օգոստոսի 23-ին Թրամփը նշել էր, որ աշնան սկզբից սկսած 300 մլրդ դոլար ընդհանուր արժեք ունեցող չինական ապրանքների համար մաքսատուրքերը կավելանան՝ հասնելով 10-ից մինչև 15%-ի, իսկ հոկտեմբերի 1-ից 250 միլիարդ դոլար ընդհանուր արժեք ունեցող այլ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կավելանան՝ հասնելով 25-ից 30%-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ