ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում իր ելույթում:
«ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում էր, որ քաղաքական ուժերը, ընտրողները, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, նաև միջազգային հանրությունը` դիտորդները ընտրությունների նկատմամբ վստահություն են փաստել: Դա բավականին կարևոր ու լուրջ ձեռքբերում է»,-ասաց Մուկուչյանը:
Նա նկատեց, որ նույնական գնահատանքի են արժանի նաև Երևանի ավագանու ընտրությունները: Նրա կարծիքով` դրանք առաջին ընտրություններն էին, որոնց արդյունքների անվերապահ ընկալում կար հանրության կողմից: