fbpx
Արցախ

Սա միջազգային իրավունքի տոտալ խախտում է. Լորան Վոքիեն՝ Լաչինի շրջափակման մասին

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին Twitter-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Ավելի քան 100 օր է, ինչ 150 հազար արցախահայություն կտրված է աշխարհից Ադրբեջանի կողմից: Սա միջազգային իրավունքի տոտալ խախտում է։ Եկեք աչք չփակենք Լաչինի միջանցքի այս հանցավոր շրջափակման վրա, չթողնենք, որ այս բնակչությունը լուռ մեռնի»:

Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Լորան Վոքիեն վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։ Իր հերթին Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Վոքիեին՝ Արցախի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիական պատվիրակությունից՝ շրջանների քաղաքապետեր, շրջանային խորհրդի պաշտոնյաներ, տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։

Օրվա երկրորդ կեսին Լորան Վոքիեն հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած արցախցիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկել իրավական նշանակության մի շարք հարցեր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ