ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան։
«Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության կապակցությամբ և կողմ են արտահայտվել մարտական գործողությունների դադարեցմանը։ Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են, որ անթույլատրելի է հակամարտությունում այլ տարածաշրջաններից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ընդգրկումը», – նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է կշռադատել քայլերը Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիական աջակցություն ցուցաբերելու գործում։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել իրավիճակի կարգավորման համար սերտորեն համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շուտափույթ կերպով խաղաղ բանակցային հուն վերադարձնելու նպատակով։
Ռուսական կողմը ուշադրություն է հրավիրել այն ջանքերի վրա, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներառյալ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից 2020թ.-ի հոկտեմբերի 1-ին ընդունված համատեղ հայտարարությունը։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել են պահպանել հետագա շփումները։
