Հասարակություն

Լենա Նազարյանը հանդիպել է Հայաստանի մարզերի աշակերտների հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի՝ Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրում ներգրավված Հայաստանի մարզերի աշակերտների, ծրագրի ղեկավարների հետ:

Լենա Նազարյանը խոսել է ժողովրդավարության մասին՝ մասնավորապես անդրադառնալով ժողովրդավարական երկրի արժեքներին և նման պետությունում ապրող մարդկանց գործելակերպին ու ակնկալիքներին:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ժողովրդավարությունը, լինելով ազատություններ տրամադրող համակարգ, նաև ուղիղ կապ ունի մրցակցության հետ: Ժողովրդավարությունն ապահովում է այն անհրաժեշտ համակարգը, որով հասարակության ճահճացում տեղի չի ունենում և մարդիկ, սոցիալական խմբերը կարողանում են փոխզսպել միմյանց, մշակել արդարացի համակեցության սկզբունքներ՝ առանց ներքին բևեռացումների, անհավասարության կոնֆլիկտների ու բռնությունների:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են ապատեղեկատվության տարածման դեմ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությանը, 12-ամյա կրթության բովանդակության փոփոխմանը, արհեստագործական հաստատությունների վերականգնմանը, երիտասարդների զբաղվածության ապահովմանը, Երևանից հեռու գտնվող մարզերում «Թումո» կենտրոնների բացման հնարավորությանը, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվելիք քայլերին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ԱԺ փոխնախագահը նշել է. «Այո՛, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչի մասին հատկապես վկայում են անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրությունները»: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում հասնել ժողովրդավարության այն մակարդակին, որը թույլ կտա արդար, բարեկեցիկ և ապահով հասարակություն կառուցել:

Անդրադառնալով ուսման վարձերի հարցին՝ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջիկայում խորհրդարան կներկայացվի մի նախաձեռնություն, ըստ որի՝ աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը կուղղվի ուսման վարձի վճարմանը:

Հանդիպումից հետո հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ