Մշակույթ

Արցախյան մարտերում նահատակված Լևոն Մանթաշյանի հեղինակային երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

««Մեր սիրած խմբի երգի տողը, որ միասին դիտակետում փորագրեցինք փայտի վրա, դարձավ քեզանից հետո իմ հոգեվիճակը. “Lost connection in my head”.»…

Պատերազմում անմահացած ընկերոջն ուղղված Խաչիկի նամակի այս խոսքերն առիթ հանդիսացան մեր ու նրա ծանոթության։

Ծանոթանալով Խաչիկի հետ, որը վիրավորում ստանալով՝ կարճ ժամանակով Երևանում է բուժման նպատակով, և նրանից իմանալով, որ իր ընկերը՝ Լևոնն անչափ տաղանդավոր էր, նվագում էր կիթառ, երգում էր և նաև երգեր ուներ գրած, անմիջապես որոշեցինք, որ պետք է օգնենք Խաչիկին իրագործել Լևոնի երազանքներից մեկն ու ձայնագրել նրա երգը:
Շատ ռիսկային էր այն որոշումը, որ հենց Խաչիկը պետք է երգի, քանի որ նախկինում երբեք չէր փորձել երգել, ձայնագրվել, բայց բարեբախտաբար պարզվեց, որ Խաչիկը շատ լավ ձայնային և արտիստիկ տվյալներ ունի: Բացահայտեցինք մեզ համար երկու նոր տաղանդի:

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել Լևոն Մանթաշյանի այս հիասքանչ երգով, որը կատարեց Խաչիկ Գրիգորյանը, իսկ մենք փորձեցինք մեր գործիքավորմամբ օգնել և իրագործել այս ամենը:

Խաչիկը վաղը պետք է նորից մեկ տարով վերադառնա սահման, շատ ուրախ ենք, որ հասցրեցինք այս կարճ ժամանակում իրականացնել մեր մտածածը,-»ֆեյսբուքյան իր էջում գրել Nemra խմբի մենակատար և կիթառահար Վան Եղիազարյանը:

Տեսանյութին կից Լևոն Մանթաշյանը գրել է.

«…բոլորի համար աստղերը համր են, բայց ինձ համար աստղերից մեկը դու ես․ ուրեմն երգի՜ր, համրություն չանես, շարունակիր նվագդ, դե՛․․․

Լևոն Մանթաշյան – «Ուրիշ Աշխարհ»
Երաժշտություն և խոսքեր՝ Լևոն Մանթաշյան
Վոկալ՝ Խաչիկ Գրիգորյան
Գործիքավորում՝ Nemra
Հնչյունային Ռեժիսոր: Ռաֆայել Բադալյան
Ձայնագրություն ՝ «Ազգային Հնչյուն» (“National Sound Studio”)
Նկարահանում՝ Նարեկ Հարությունյան
Մոնտաժ՝ Հայկ Դավթյան

Հատուկ շնորհակալություն Լևոնի ընտանիքին՝ Լևոնի արխիվային տեսանյութերի տրամադրման համար, «Nemra» խմբին գաղափարն իրագործելու հարցում աջակցության համար, ինչպես նաև “The Loft” ժամանցային կենտրոնին` տարածքի տրամադրման համար, Սևակ Հակոբյանին («Հ1») և Լուսինե Բալյանին («ՇՈՂԱԿԱԹ» հեռուստաընկերության)՝ տեսանյութերի տրամադրման և ինֆորմացիոն աջակցության համար:

Ուրիշ Աշխարհ

Այսօր իմ սենյակում աստղեր չկան,
Իմ սենյակում այսօր վարագույրները փակ են,
Եվ իմ կյանքի բեմում կեղծանուններ չկան,
Որովհետև բեմի հետևում ես մենակ եմ։

Եվ ուրեմն…
Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ
իմ արևը,
աստղերը,
Քո սերը,
ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։

Առանց աստղերի ես աշխարհում անհնար եմ,
Ինչպես առանց սիրո պոետի կյանքը դժվար է,
Երգս քեզ համար սիրելիս իսկզբանե բացասական է,
Դա երևի նրանից է որ ալկոհոլի չափը, մի քիչ շատ է.

Բայց միևնույն է…

Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ
իմ արևը,
աստղերը
ու սերը
ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։

Ուրիշ աշխարհ,
Ուրիշ աշխարհ…»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ