fbpx
Իրավական

ԼՂՀ-ից զինված զորք է եկել․ ինչ է հաստատում և հերքում Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում

Մարտի 1-ի քրեական գործով վկայի կարագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքնությունը ամբողջությամբ հրապարակվել է։

Ծավալուն հարցաքննությունից առանձնացրել ենք գործին վերաբերող մի շարք փաստեր, որոնք հաստատում կամ հերքում է գեներալ-մայորը։

Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հաստատում է

1. Փետրվարի 24-ին ԼՂՀ-ից Երևան է եկել մոտ 300 զինծառայող, այնուհետև՝ ևս 400:

Սամվել Կարապետյանի ցուցմունքով՝ զորքի շարժը կատարվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով, որը կայացվել է 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա։

2. Երևան եկած գումարտակում եղել են սպաներ և ենթասպաներ, որոնք եղել են իրենց սպառազինությամբ, մարտական փամփուշտներով։

3. Զորքը եղել է սովորական համազգեստով, եկել է պաշտպանության բանակի մեքենաներով։ Սակայն Երևան գալուց հետո համազգեստների տարբերանշանները պոկվել են, իսկ մեքենաների համարները փոխարինվել են Պաշտպանության նախարարության համարանիշերով։

Համաձայն ցուցմունքի՝ պատճառն այն է, թե խնդիր էր դրված, որ ԼՂՀ-ից եկած զորքը չերևա։

4. Զորքը մնացել է Կառավարության շենքի նկուղային մասում։

5. Զորքի կազմում եղել են դիպուկահարներ։

Վկան նշում է, որ ինքը չգիտի, թե դիպուկահարների կամ հրաձիգների առջև ինչ խնդիր էր դրված։

6. Ղարաբաղում այդ ժամանակ դիվերսիա է եղել, դիրք ենք կորցրել, բայց հետո հետ վերցրել։

Հարցին՝ սահմանին լարված պահին ինչու է սահմանապահ զորքը բերվել Երևան, վկան պատասխանել է, որ երբ իրենք եկել են, լարված չի եղել։ Բացի դրանից՝ որոշողը ինքը չի եղել, ուղղակի հրաման է կատարել։

Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հերքում է

1. Ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել։

2. Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հրաման չի տվել։

Վկան հայտնում է, որ իր պատկերացմամբ՝ խորհրդակցության նպատակը եղել է այն, որ իրենք զգոն լինեն ու պատրաստ՝ հրահանգներ կատարելու։

3. Զորքը բերելու ուղղակի հրաման Ռոբերտ Քոչարյանը անձամբ Կարապետյանին չի տվել։

4. ԼՂՀ-ից բերված զորքը Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցություն չի ունեցել։ Զորքը որևէ ցուցարարի հետ շփում չի ունեցել։

5. ՀՀ նախագահի նստավայրում, Սահմանադրական դատարանում, Շիրակի հյուրանոցում ԼՂՀ-ից եկած զորք չի եղել։

Փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում տապալել է սահմանադրական կարգը, մասամբ հաստատվում է այս ցուցմունքով։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից սահմանային լարված իրավիճակում զորքը բերվում է Հայաստանի Հանրապետություն՝ լուծելու ներքին քաղաքական հարցերը։ Զինված զորքը, որի մեջ եղել են նաև դիպուկահարներ, Երևան չի եկել արտակարգ դրության պայմաններում, քանի որ, ինչպես Կարապետյանն է նշում, Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ չի հայտարարել, որ երկրում արտակարգ դրություն է մտցվելու։

Ըստ ՀՔԾ-ի՝ խախտվել է 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:

Ամբողջ ցուցմունքը զորքը ՀՀ բերելու մասին է, սակայն ոչ մի տեղ չի նշվում պատճառը։ Ինչո՞ւ էր ԼՂՀ-ից եկած զորքը պահում Կառավարության շենքը, ինչո՞ւ էին նրանք զինված։ Այս հարցերն անպատասխան թողնելով՝ թույլ են տալիս ենթադրել, որ հստակ նպատակ է եղել բանակից բերված ուժերով տապալվելու հանրահավաքը, հետևապես նաև տապալելու սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ BBC-ում Մարտի 1-ի մասին հոդված է հրապարակվել, որում հոդվածագիրը պնդում է, թե ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ: Վերջինս հերքել է այս տեղեկությունը։

Կարապետյանի ցուցմունքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ