Այսօր՝ փետրվարի 4-ը, Ալեքսանդր Քանանեանի հացադուլի 15-րդ օրն է և Մհեր Պողոսյանի հացադուլի 9-րդ օրը: Արցախի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները դադարեցված են և կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչև հանձնաժողովի եզրակացությունները ստանալը ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվի: Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատը:
Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը քայլ է՝ հացադուլի պահանջներին ընդառաջ, սակայն բովանդակային առումով սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է:
Հիշեցնենք, որ Քանանեանի պահանջագիրը երեք կետից էր բաղկացած՝ (1) դադարեցնել ՀԷԿ-աշինական աշխատանքները, (2) հեռացնել շինարարական տեխնիկան, (3) պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել ՀԷԿ-երի հետագա կառուցումից, և այս քայլերը կատարելուց հետո՝ նաև ստեղծել անկախ հանձնաժողով, որը կքննի ՀԷԿ-երի շինարարության ընթացքում տեղի ունեցած բնապահպանական, ֆինանսական կամ այլ հանցագործությունները, ինչպես նաև գոյություն ունեցող ՀԷԿ-երը կբերի խիստ բնապահպանական ստանդարտների:
Իսկ Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) և ինչ եղանակով են կայացվելու որոշումները:
Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու և պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության և սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։
Եթե մինչև փետրվարի 5-ը հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզացիայի կոչ է անելու ՀՀ և ԱՀ տարածքում, իսկ ՀԷԿ-ատեր պաշտոնյաների և օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու:
Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձևական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլև Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրային լայն շրջանակների: