Աշխարհ
19:00 29/01/2020

Լիբանանից հայտարարում են, որ երկիրը դեմ է «դարի գործարքին»

Լիբանանը վճռականորեն դեմ է պաղեստինյան փախստականներին իրենց ժամանած երկրներում հպատակագրման ուղղորդող իսրայելապաղեստինյան հակամարտության լուծման՝ ԱՄՆ-ի «դարի գործարքին» և չի փոխի իր դիրքորոշումը անգամ տնտեսական և ֆինանսական ճնշումների պարագայում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Լիբանանի նախագահի խորհրդական Ամալ Աբուզեյդը։

Լիբանանում սեփական 4 միլիոն բնակչության հետ համատեղ ապրում են 600 000 պաղեստինցի և 1,5 միլիոն սիրիացի փախստականներ: Պաղեստինցիները հատուկ կարգավիճակ ունեն և ապրում են փախստականների համար կառուցված ճամբարներում, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են խիտ բնակեցված քաղաքային թաղամասերի՝ փռված ողջ Լիբանանի տարածքում:

Աբուեյդը նաև ընդգծել է, որ Լիբանանը, ինչպես և առաջ, դեմ է «դարի գործարքին»։

«Լիբանանը հերթական անգամ հայտարարում է, որ չի աջակցում Լիբանանի և նրա շահերի հաշվին իրականացվող ոչ մի միջազգային խաղի և դավադրության, ինչպիսին էլ լինի այս դիրքորոշման գինը»,-հավելել է նա։

Աբուզեյդը նշել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը, որը նրանք անվանել են Մերձավոր Արևելքում խաղաղության ծրագիր, ավելի շուտ «աշխարհը քանդելու ծրագիր» է և բացասական կազդի նաև Լիբանանի ինքնիշխանության և ժողովրդագրության վրա, որովհետև դրա հիմքում ընկած է պաղեստինցի փախստականների՝ հարևան երկրներում հպատակագրման հին գաղափարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ