Լիբանանում հոկտեմբերի 17-ից բողոքի ակցիաներ են սկսվել, իսկ հաջորդ օրը Բեյրութ են բերվել բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ։
Հոկտեմբերի 21-ին ցուցարարներն աղբամանների և անվադողերի միջոցով փակել են մայրաքաղաքի հիմնական փողոցները, ինչպես նաև հյուսիսից Բեյրութ տանող մայրուղին:
«Ակտիվիստները հրկիզել են աղբամաններն ու անվադողերը: Տարբեր միջոցներից բարիկադներ են կառուցվում»,-ասել է հակակառավարական ցույցերի մանսակիցներից մեկը:
Ամբողջ երկրում գործադուլ է: Փակ են բոլոր բանկերը, պետական հաստատությունները, դպրոցները, համալսարաններն ու մեծ խանութները:
Բողոքի ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս:
Հոկտեմբերի 18-ին կապի նախարար Շուքեյրը հայտարարեց, որ WhatsApp-ի հարկը չեղարկվում է, սակայն ցույցերը շարունակվեցին: Լիբանանի վարչապետը 72 ժամ տվեց կառավարությանը ճգնաժամից ելք գտնելու համար, իսկ հոկտեմբերի 19-ին փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ 3 նախարարները հրաժարական տվեցին:
