fbpx
Հասարակություն

Լիբանանի նոր կառավարությունում հայ նախարար է նշանակվել

Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար: Այս մասին հայտնել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը:

Լիբանանում 2019 թվականի աշնանը սկսեցին բողոքի ցույցեր: Դրանք ուղղված էին երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները մեղադրում էին քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանը ծառայեցնելու մեջ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակվել Հեսան Դիաբը: Թեպետ կառավարության նոր կազմը ձևավորվել է, գործադրի շենքի մոտ կրկին ցուցարարներ են հավաքվել:

Աղբյուրը՝ Armenpress.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ