Աշխարհ
15:30 27/12/2019

Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը

Նա նշել է, որ Լիբիա զորք ուղարկելու համար հիմք են ընդունել «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է վերջերս Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Էրդողանի խոսքերով՝ օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի, երբ օրենսդիր մարմինը վերսկսի աշխատանքները՝ հունվարի 8-ին կամ 9-ին:

Անդրադառնալով Լիբիայի ներքաղաքական զարգացումների և դրանց վերաբերյալ Թուրքիա դիրքորոշմանը՝ Էրդողանը նշել է.

«Թուրքիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Լիբիայի լեգիտիմ կառավարության դեմ (Ֆաիզ Սարաջի ղեկավարած կառավարությունը) ապստամբ գեներալի (Խալիֆ Հաֆթար՝ Լիբիայի չճանաչված ազգային բանակի գեներալ) հարձակումներին: Տրիպոլիի իշխանություններին ամեն տեսակի աջակցություն ցույց ենք տվել, տալիս ենք և տալու ենք ընդդեմ ապստամբ գեներալի, որին աջակցում են տարբեր եվրոպական և արաբական երկրներ: Ավելին, Լիբիան և մեր երկիրը Միջերկրականում սահմանակից են, քանի որ այնտեղ մեր լիազորությունները խաչվում են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ստամբուլում Թուրքիայի եւ Տրիպոլիի կառավարության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի առաջին դրույթը վերաբերում է ռազմական համագործակցության ստեղծմանը, իսկ երկրորդը՝ երկրների միջև ծովային գոտիների սահմանազատմանը, ինչը, մասնավորապես, ենթադրում է հետախուզության և Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն: Երկրի ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) անվանել է այդ պայմանավորվածությունը ոչ լեգիտիմ՝ կոչ անելով ՄԱԿ-ին զրկել Տրիպոլիի կառավարությունը միջազգային մանդատից եւ դիմելով Արաբական պետությունների լիգային անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կիրառելու մասին պահանջով՝ ի պատասխան ներխուժման սպառնալիքի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ