«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:
Հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գևորգ Սաֆարյանի Irakanum.am լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիան» վերնագրով հարցազրույցը:
Սաֆարյանն այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Լիդիանը» նախորդ իշխանությունների հետ ապօրինի գործարքների միջոցով ստացել է հանքի շահագործման թույլտվություններ և ամեն կերպ փորձելու է շահագործել հանքը:
Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին: