fbpx
Իրավական
22:20 29/06/2019

Լոլիկի արտահանումից մինչև դատական քաշքշուկ. քաղաքացին մեղադրում է Հունան Պողոսյանի եղբոր հիմնադրած ընկերությանը

Լոլիկի արտահանումից մինչև դատական քաշքշուկ. քաղաքացին մեղադրում է Հունան Պողոսյանի եղբոր հիմնադրած ընկերությանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 25-ին Երևան քաղաքում տեղակայված արագաչափերից մեկի սյան վրա բարձրացել էր քաղաքացի Տիգրան Զալինյանը, որը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ, և պնդում է՝ դատարանն անարդար որոշում է կայացրել։

Այսօր հրավիրված ասուլիսում Տիգրան Զալինյանը պատմեց, որ Հունան Պողոսյանի եղբոր հիմնադրած «Արսուգրիգ» ընկերությունը, որը զբաղվում է բանջարեղենի արտադրությամբ, ներկրմամբ ու արտահանմամբ, 2017 թվականին դիմել է իրեն լոլիկի բեռնափոխադրում իրականացնելու համար:

«Լոլիկը Նովոսիբիրսկ է հասել, բացել են բեռնախցիկը, ամբողջ 18,400 կգ լոլիկը դատարկել են ու ասել՝ այդ ամբողջից 5-6 արկղը փչացած է, պնդել էին՝ լոլիկը փչացել է։ Նույն օրն ինձ կանչեցին «Արսուգրիգ»-ից՝ ասելով՝ լոլիկը փչացրել ես, ամբողջ լոլիկի գումարը 85 ռուբլով հաշված պետք է վճարես, դա կազմում է մոտ 30 հազար դոլար»,- պատմեց Զալինյանը՝ պնդելով, որ տվյալ ընկերության կողմից սա մտադրված քայլ է եղել: Ընկերությունը Տիգրան Զալինյանին մեղադրում է ոչ պատշաճ բեռնափոխադրում իրականացնելու մեջ, մինչդեռ Տիգրան Զալինյանը պնդում է՝ ընկերությունն ի սկզբանե փչացած լոլիկ է ուղարկել:

Զալինյանն ասաց, որ ինքը նորմայից որևէ շեղում թույլ չի տվել, լոլիկը տեղափոխել է սահմանված ջերմային ռեժիմի պայմաններում, սակայն դատարանում սա չի կարողանում ապացուցել:

Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը պնդում է՝ դատարանն անարդար վճիռներ է կայացրել։ Նրա խոսքով՝ սա կա՛մ դատավորների անփութության հետևանք է, կա՛մ դատավորները կոռումպացված են:

Դիմում տվել է Վճռաբեկ դատարանին, բայց դեռ չգիտի՝ վարույթ կընդունվի, թե ոչ: Նշում է՝ ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան:

Զալինյանի պաշտպան Կարինե Լալաբեկյանն հայտնեց, որ այս գործով թե՛ ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը գործը քննել են բազմաթիվ թերություններով, մասնավորապես չեն կատարել գործի օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ հետազոտություն, որի հետևանքով կայացրել են անհիմն դատական ակտ: Վերաքննիչ դատարանի կողմից չեն ուսումնասիրվել պատասխանող կողմի ներկայացրած բոլոր փաստարկները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ