Լոնդոնյան թատրոնում ներկայացման կեսին առաստաղի մի կտորը փլուզվել է: Մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Մայրաքաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Պիկադիլի թատրոնում «Կոմիվոյաժորի մահը» ներկայացման ամենաթեժ պահին, որում գլխավոր դերում հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը:
«Ոստիկանները թատրոն են եկել հրշեջ մեքենաների և բժիշկների հետ 19:59-ին առաստաղի փլուզման մասին հաղորդումը ստանալուց հետո: Բոլոր մարդկանց թատրոնից դուրս են բերել: Ոմանք աննշան վնասվածքներ են ստացել»,-նշված է Սքոթլանդ Յարդի հաղորդագրության մեջ:
Sky News-ը հրապարակել է հանդիսատեսից ոմանց կատարած լուսանկարները: Դրանցում երևում է առաստաղին գոյացած անցքը՝ գրեթե 3×2 մետր չափերով: Դրանից կախված են լարեր: 91 տարի առաջ կառուցված թատրոնի որոշ այցելուներ համացանցում հայտնել են, որ առաստաղի ճռռոցով փլուզվելուց և ջուր թափվելուց առաջ իրենք լսել են հոսող ջրի մեծացող աղմուկ: