Մարզեր

Լոռու փոխմարզպետը հանդիպել է իրանցի գործարարների հետ

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգից ժամանած իրանցի մի խումբ գործարարների, ովքեր մարզ էին ժամանել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ նահանգ կատարած այցի ժամանակ նրանց ուղղված ուղերձի հետքերով:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Մազանդարան կատարած այցի ժամանակ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր ունեցել տեղի գործարարների հետ և առաջարկել գալ Լոռի, գործարար կապեր հաստատել լոռեցի տնտեսվարողների հետ, ներդրումային ծրագրեր իրականացնել՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նրանց:

Հանդիպման ընթացքում մետաղական և պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող «Ժյուլբարան» և «Ռոնակ» ընկերությունների ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում մարզի ղեկավարի պատրաստակամությունը վերահաստատեց նաև Գայանե Մարկոսյանը:

-Մարզպետարանն իր ուժերի և առկա հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցելու ներդումային ծրագրերի իրականացմանը Լոռու մարզում, ինչպես նաև գործարար կապերի հաստատմանը տեղի արտադրողների հետ,-ասաց նա:

Հյուրերը նշեցին, որ նախնական շրջանում ցանկություն ունեն իրենց արտադրատեսակների արտահանում և վաճառք իրականացնելու, հետագայում նաև տեղի գործարարների հետ համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու:

Փոխմարզպետի առաջարկությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նրանք եղան Վանաձորի «Ավտոգեն Մ» գործարանում՝ ծանոթանալով պայմաններին և սեփականատերերի առաջարկություններին:

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ