Հասարակություն
15:50 25/12/2019

Լրագրողական ՀԿ-ները՝ Հովտաշենում տեղի ունեցած միջադեպի մասին

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Արարատի մարզի Հովտաշեն համայնքում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի եւ օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա հարձակման փաստը:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի եւ օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։

Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երեւում է բռնության փաստը։

«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։

Պահպանված կադրերում երեւում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված եւ նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման եւ սանձազերծված բռնության կապակցությամբ։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ