Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ օրեր առաջի իր կողմից ստորագրված որոշումով հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։
Նա նշել է, որ սա հիմնարար փաստաթուղթ է։
Հարությունյանը նշել է 5 ծրագիր, որոնք իրականացվում են բնակարանային ֆոնդի ձևավորման համար։
Այդ աշխատանքները հետևյալն են․
Ստեփանակերտ քաղաքում կառուցվում են բազմաբնակարան շենքեր` շուրջ 1200 բնակարանով:
Հանրապետության գյուղական բնակավայրերում կառուցապատվում են առնվազն 20 նոր բնակելի թաղամասեր, որի շրջանակում կկառուցվեն ավելի քան 2297 բնակելի տներ ավելի քան 36 համայնքի տեղահանված բնակիչների համար: Այդ բնակելի տներից 1809-ի համար կկառուցվեն հիմքերը, իսկ թեթև կոնստրուկցիաներով դրանց կառուցումը կիրականացվի բարեգործական տարբեր ծրագրերով:
Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 1000 և երկրորդային շուկայից՝ ավելի քան 500 բնակտարածք:
Հանրապետության շրջանների բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 70 բնակարանի և երկրորդային շուկայից կգնվի և կվերանորոգվի շուրջ 1000 միավոր բնակտարածք:
Ծրագրի շրջանակներում ապահովվելու է նաև կառուցապատվող բնակավայրերի բարեկարգումը, ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը և բնակտարածքների կահավորումը:
Արցախի նախագահը հայտնել է նաև, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետբյուջեի, ԱՀ պետբյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հարությունյանն ընդգծել է, որ այսպիսի ծրագրերի միջոցով լուծելու են բնակարանային ապահովման կարիք ունեցող բոլոր արցախցիների բնակարանային խնդիրը։