ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ, արձագանքել է.
«Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան»,- նշեց Եղոյանը՝ հավելելով, որ պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը, և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:
Եղոյանն ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:
«Հայաստանը տրամադրված է շարունակելու քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է Եղոյանը: