Տնտեսություն
15:00 05/05/2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ապահովագրությունից ստացված հատուցումները չենթարկել հարկման

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն այսօր՝ մայիսի հինգին, ներկայացրել է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ:

ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Վերջինս ասաց, որ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը ապահովագրվում է, և որպես դրանց շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը: Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը նախ ստանում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարն ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը: Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազային հարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ: Միևնույն ժամանակ, երբ այդ գումարի մնացորդը վերադարձվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ:

ԱԺ պատգամավորները առաջինից երկրորդ ընթերցման արանքում կոնսենսուս են ձեռք բերել բոլոր դրույթների մասով: Միայն բանկի և վարկային կազմակերպությունների համար եկամուտ չճանաչելու դրույթին հետադարձ ուժ կտրվի և կտարածվի 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած և ծագող հարաբերությունների վրա: Իսկ ֆիզիկական անձանց համար եկամուտ չդիտելու դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նախագծի վերբերյալ դրական արտահայտվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ