Եգիպտական «Nile TV» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ։
«Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն է, և այս առումով մենք շատ ընդհանրություններ ունենք:
Հարավային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրավերները: Դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, որտեղ մեր առաջնահերթությունը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է և Արցախի կարգավիճակը: Մենք ներգրավված ենք ոչ այդքան դյուրին բանակցություններում: Մենք պնդում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում, և չի կարող լինել այնպիսի լուծում, որը հիմնված չէ դիրքորոշումների և շահերի հավասարակշռության վրա: Մենք հանձնառու ենք աշխատելու խաղաղության և անվտանգության, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5034237603269062