fbpx
Զինված Ուժեր
11:51 02/02/2020

Մահացած զինծառայողի դին հարազատները բերում են Երևան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի ծնողները բողոքում են։ Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։

Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան։

Վահրամ Ավագյանի եղբայրը՝ Վահան Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեև ոստիկանները փակել էին Էջմիածնի ճանապարհը և թույլ չէին տալիս գալ, նրանք չեն վերադառնում և փորձում են հասնել Երևան: Նա նաև նշեց, որ Երևանում պարզ կլինի իրենց գործողությունները:

Վահան Ավագյանը նշեց, որ իրենք պահանջում են արդար քննություն, քանի որ համոզված են, որ ինքնասպանություն չի եղել: «Ինքը նման քայլի ընդունակ մարդ չէր, ամբողջ գյուղն էլ գիտի, գյուղից դուրս էլ իրեն ճանաչում են, ինքը նման քայլի ընդունակ չէր»,-ասաց նա:

Նշենք, որ դեպքի վայր է եղել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Իրավապաշտպան Ժանն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում ևս նշել էր.«Արմավիրի մարզի Հայթաղ գյուղը սգում է երկու օր առաջ մահացած 20 ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի մահը: Ահավոր ողբերգություն: Նա Ավագյանների 4-րդ որդին էր: Ավագ եղբայրներից 3-ը ծառայել է բանակում, բայց կրտսերի՝ Վահրամի դին բերեցին: Տան մոտ հավաքված համայնքի բնակչությունը ընդվզում է քննչական կոմիտեի հերթական «ինքնապանությանը» և լրատվամիջոցներում տեղ գտած այս վարկածին: Նրան դեռ հողին չեն հանձնել: Բողոքի ուժգին ալիք կար գյուղում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ