fbpx
Զինված Ուժեր
16:00 04/12/2019

Մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։

Բողոքի ակցիայի ընթացքում Արթուր Աջամյանի հարազատներին մոտեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց՝ իր համար ևս կարևոր է ճշմարտության բացահայտումը:

«Եթե զինծառայող Արթուր Աջամյանին սպանել են, ես ձեզ ասում եմ՝ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ դա հանկարծ որևէ այլ որակավորում չստանա: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կրեն: Ասում եմ որպես մայր, որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ոչ մի բան չի կոծկվելու»,-ասաց նա:

Ցուցարարների հետ հանդիպեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Արթուր Աջամանի հարազատներից մեկը դիմեց նրան՝ ասելով, որ իրենք զորամասից զանգեր են ստանում, և իրենց ասում են, որ կռիվ է եղել, հետո՝ սպանություն:

«Մենք վստահ ենք, որ եղել է սպանություն, կա երրորդ մարդ, երեխայի մատները ջարդված են եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ չեն սպասելու վաղվան, դին բերելու են ԱԺ, եթե պատասխան չստանան:

Քոչարյանը խոստացավ, որ իր նախագահած հանձնաժողովն ամեն ինչ կանի, որ օբյեկտիվ քննություն իրականացվի:

Քոչարյանն ու Արթուր Աջամյանի հարազատների փաստաբանն այժմ ԱԺ-ում են. փաստաբանը Քոչարյանին է ներկայացնում գործի՝ իրեն հայտնի հանգամանքները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ