Հասարակություն
13:00 26/12/2019

Մահացած զինվորի հարազատները փորձում են մտնել Կառավարության շենք

Մահացած զինվոր Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք չեն գնա այնքան ժամանակ մինչև չխոսեն զինվորի մահվան պատճառների մասին։ Նշենք, որ պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել Արթուր Աջամյանը։

«Թող միայն վարչապետն իջնի այստեղ, տա մեզ լրացուցիչ տեղեկություն ու կգնանք։ Իսկ եթե չիջնի,վաղն էլ այսպես կանենք ու մյուս օրն էլ։ Մենք կփակենք բոլոր հիվանդանոցների մուտքերը, կգնամ, դիակը կհանեմ, կբերեմ ստեղ։ 26-րդ օրն է, սակայն ոչ մի տեղեկություն չունենք»,-ասաց մահացած զինվորի պապը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նշենք, որ դեկտեմբերի 4-ին, մահացած զինվորի հարազատները գնացել էին նաև ԱԺ-ի բակ, որտեղ իրենց ընդունել էր Անդրանիկ Քոչարյանը, և խոսք տվել՝ արագ և օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին։

«Ո՞ւր է Անդրանիկ Քոչարյանը։ Եկավ լրատվամիջոցների դեմն ասաց՝ հարգելի հարազատներ, կիսում ենք ձեր վիշտը։ Դե մենք էլ մարդ ենք, ընդունեց, մեզ տարավ ներս, ձեռքս բռնեց ասաց՝ քեզ տղավարի խոսք եմ տալիս, ինքս կզբաղվեմ այդ հարցով։ Հիմա մեր զանգերին անգամ չի բարեհաճում պատասխանել։ Պաշտոնդ մի տեղ, բա տղությունդ ո՞ւր մնաց։ Ղարաբաղից մի հատ շիպիզնյակ էր եկել, իմ դեմն ուրիշ բան էր ասում, Անդրանիկ Քոչարյանի դիմաց՝ լրիվ ուրիշ։ Ինձ ասում է՝ ինքնասպանություն է եղել։Պաշտպանության տեղակալն էր երևի, չգիտեմ։ Ասում եմ՝ դե ես քո հետ գալիս եմ Ղարաբաղ, ինձ ցրում է, սրտաճմլիկ բառեր է օգտագործում»,-ասաց մահացածի զինվորի հորեղբայրը։

Նրանք կրկին փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, սակայն ապարդյուն։ Ոստիկանները նրանց տեղեկացրին, որ Կառավարության նիստի ավարտից հետո կլինի հանդիպում։

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ