Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում այս պահին հավաքվել են Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, որոնք պահանջում են, որ պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:
Արթուր Աջամյանի հարազատները հայտնել են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ տեսագրությունն ապահովված չէ:
«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու մինչև չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր»,-ասել է հորաքույրը՝ Էլիանորա Աջամյանը:
Հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել. նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին:
«Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում»,-ասաց հարազատներից մեկը:
Այստեղ էր նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, որը ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի:
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ժամը 06:50-ի սահմանում, Պաշտբանական բանակը հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:
Աղբյուրը՝ News.am