675 տարի անց Գիտնականները բացահայտել են Սև մահվան ծագման առեղծվածը

Ամենադիտվածներ

Գիտնականները դարեր շարունակ փորձել են պարզել Սև մահվան պատճառը, որն ոչնչացրել է միջնադարյան աշխարհը։

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են Ղրղըզստանի շրջաններից մեկի հնագույն գերեզմանատեղիի մնացորդների ԴՆԹ-ն։

«Մեզ հաջողվեց վերջ դնել Սև մահվան ծագման մասին միջնադարյան բոլոր վեճերին»,- ասել է հետազոտողների խմբի անդամ, պատմաբան Ֆիլիպ Սլավինը, որի աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։

Սև մահը համավարակի սկզբնական ալիքն էր, որը տևւել է մոտ 500 տարի։ Ութ տարվա ընթացքում, այն սպանել է, ըստ որոշ գնահատականների, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բնակչության 60 տոկոսին։

Շոտլանդիայի Սթիռլինգի համալսարանի դոցենտ Սլավինը մշտապես հետաքրքրվել է Սև մահով և դրա մասին հուշում գտել 1890թ. աշխատությունում, որը նկարագրում էր ժամանակակից Ղրղըզստանի տարածքում գտնվող հնագույն գերեզմանատեղին։

Հետազոտողները վերցրել են այդտեղ թաղված յոթ մարդու ԴՆԹ նրանց ատամներից, ասել է Թյուբինգենի համալսարանի հետազոտող, հետազոտության հեղինակ Մարիա Սպիրուն։

Քանի որ ատամները բավական շատ արյունատար անոթներ են պարունակում, դրանք հետազոտողներին «արյան միջոցով փոխանցվող պաթոգեններ հայտնաբերելու մեծ հնարավորություն են տալիս. այդ պաթոգենները կարող էին մարդկանց մահվան պատճառ հանդիսացած լինել»,- ասել է Սպիրուն AFP գործակալությանը։

Սեքվենավորումից հետո ԴՆԹ-ն համեմատվել է գենոմների հազարավոր միկրոբներ պարունակող տվյալների շտեմարանի հետ։

«Համընկնումներից մեկը, որը մենք կարողացանք ստանալ… համընկնումն էր Yersinia pestis-ի համար, որն ավելի շատ հայտնի է որպես ժանտախտ»,- ասել է Սպիրուն։

ԴՆԹ-ն նաև ցույց է տվել «բնութագրական ախտահարումներ», ավելացրել է նա՝ ցույց տալով, որ «մենք գործ ունենք վարակի հետ, որով հնագույն մարդը վարակված է եղել իր մահվան ժամանակ»։

Սև մահվան սկիզբը կապում են այսպես կոչված «Մեծ պայթյունի» հետ, երբ կրծողների վրայի տզերի միջոցով փոխանցվող ժանտախտի գոյություն ունեցող շտամները հանկարծ դիվերսիֆիկացվել էին։

Գիտնականների կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ արդեն 10-րդ դարում, բայց ճիշտ ժամանակը որոշել նրանք չեն կարողացել։

Հետազոտական խումբը վերակառուցել է Yersinia pestis-ի գենոմն ըստ նմուշների և հայտնաբերել, որ շտամը գերեզմանատեղիում գոյություն է ունեցել մինչև դիվերսիֆիկացումը։

Պարզվել է, որ ներկայում այդ շրջանում ապրող կրծողները նույնպես կրում են այդ նույն հնագույն շտամը, ինչն օգնել է գիտնականներին եզրակացնել, որ «Մեծ պայթյունը» պետք է տեղի ունեցած լիներ ինչ-որ տեղ այս շրջանում, մինչեւ Սև մահը, կարճ ժամանակաընթացքում։

Ամենաթարմ