fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Արցախում հնարավոր ռազմական հանցագործությունների կապակցությամբ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել և հակասում են միջազգային մարդասիրական օրենքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը:

Բաչելետը նաև լուրջ մտահոգություն է հայտնել համացանցում հայտնված տեսանյութերի կապակցությամբ, որոնցում արձանագրվում են ռազմական հանցագործություններ։ Մարդու իրավունքների հանձնակատարը վկայակոչում է Ադրբեջանի զորքերի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը։

Բաչելետը նաև անդրադարձել է հակամարտության ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի աճին։

«Եվս մեկ անգամ հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում պահպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները ՝ պահպանելով տարբերակման, համաչափության և նախազգուշականության սկզբունքները և խուսափելով բնակեցված տարածքներում լայն սպեկտրով պայթուցիկ զենքի օգտագործումից»,- ընդգծել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։

Եզրափակելով իր խոսքը՝ Բաչելետը կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտության խաղաղ և երկարատև լուծում գտնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ