Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ունեցած հանդիպման վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ունեցած զրույցում Մակրոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար։
«Շարունակելով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթը՝ նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հայ ժողովրդի՝ խաղաղության և ժողովրդավարության ձգտումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, որոնք խիստ համապատասխան են լինելու միջազգային իրավունքին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին։
«Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը քննարկել են պաշտպանության, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը»,- նշվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև։