«Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը:
Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն բրիֆինգում, որը հեռարձակել է BFMTV-ն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:
Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից:
«Դեղին բաճկոնավորների» ցույցերը, որոնք բողոքում են գների աճի եւ հարկերի ավելացման դեմ, Ֆրանսիայում անցկացվում են նոյեմբերի 17-ից: Ցուցարարների կողմից կազմակերպված ակցիաների թիվը հասնում է հազարների: Երկրում արդեն հինգ անգամ շաբաթ օրերին անցկացվել են բողոքի համազգային օրեր, որոնք Փարիզում, Բորդոյում, Նանտում եւ մի շարք այլ քաղաքներում ուղեկցվել են ոստիկանության հետ արմատականների զանգվածային բախումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: