fbpx
Աշխարհ

Մակրոնը կոչ է արել Բրազիլիային դուրս չգալ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ G20-ի գագաթաժողովի շրջանակում բանակցություններ է վարել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ՝ նվիրված Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի դրույթների կատարմանը։ Այս մասին France Press գործակալությանը հաղորդել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

«Երկու նախագահների միջև տեղի է ունեցել մտքերի անկեղծ փոխանակում։ Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Բրազիլիան դուրս չգա Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից»,- տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Նա տեղեկացրել է, որ Բոլսոնարոն, որն ավելի վաղ չէր բացառում համաձայնագիրը չեղարկելու հնարավորությունը, Օսակայի բանակցություններում «հաստատել է համաձայնագրի շրջանակում մնալու մտադրությունը»։

Հունիսի 26-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ընդունի G20-ի ամփոփիչ փաստաթուղթը, եթե Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը չլինի։ «Ես կարմիր գծի կողմնակից եմ, որից այն կողմ անցնելն անթույլատրելի եմ համարում։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ եթե (եզրափակիչ փաստաթղթում) խոսք չլինի Փարիզի համաձայնագրի մասին, այսինքն, եթե 20 երկիր հանուն այն բանի, որ հասնի ընդհանուր համաձայնության, որոշի հրաժարվել կլիմայի պաշտպանությունից, ապա Ֆրանսիան դրան չի մասնակցի»,- նախազգուշացրել է Մակրոնը։

Ինչպես գործակալությանն ուրբաթ տեղեկացրել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, հուլիսին նախատեսված է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ լը Դրիանի աշխատանքային այցը Բրազիլիա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ